
Հիդրոխնամք
Ծառայության մասին
Բազմափուլ խնամք է, որն ուղղված է մաշկի խորը մաքրմանը, խոնավեցմանն ու նորացմանը։ Հայտնի է նաև որպես «Հոլիվուդյան խնամք», քանի որ չունի վերականգնողական շրջան, զգացողություններով նման է սպա թերապիայի, արդյունքն ակնհայտ է հենց առաջին այցելությունից, կարելի է կատարել տավա բոլոր եղանակներին։
Պրոցեդուրան իրականացվում է սարքի միջոցով, որն ունի տարբեր ծայրակալներ՝
Վակուումային, որի գլխիկը կարող է լինել նաև ադամանդափոշով
Ուլտրաձայնային մաքրման
Ուլտրաձայնային մերսման
Ռադիոալիքային մերսման
Միկրոհոսանքային մերսման
Կրիոթերապիայի
Ոչ ներարկումային մեզոթերապիայի
Դարսոնվալի
LED թերապիայի
Պրոցեդուրայի ընթացքում օգտագործվում են հատուկ շիճուկներ՝ ըստ ակնկալվող արդյունքի, մաշկի առանձնահատկությունների և կարիքների։
Ունիվերսալ՝ բազմաֆունկցիոնալ շիճուկ, որը համապատասխանում է մաշկի գրեթե բոլոր տեսակներին։ Ունի խոնավեցնող, մաքրող և վերականգնող ազդեցություն։ Փափկեցնում է մաշկի վերին եղջերացած շերտը՝ նախապատրաստելով մաշկն ավելի խորը մաքրման։
ԱԿՏԻՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ՝ գլյուկոզամին HCl, նատրիումի լակտատ, կաթնաթթու, խմորիչների և ջրիմուռների էքստրակտներ։
Յուղոտ և ցանավորման հակված մաշկի համար՝ նախատեսված է յուղոտ, հաստ և ցանավորման հակված մաշկի համար։ Ունի ճարպարտադրությունը կարգավորող, կոմեդոնները փափկեցնող, հակաբորբոքային և հակաբակտերիալ ազդեցություն։
ԱԿՏԻՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ՝ սալիցիլաթթու, պրոպոլիս, բուսական էքստրակտներ։
Հակաօքսիդանտային՝ խոնավեցնող, վերականգնող և պաշտպանիչ ազդեցությամբ շիճուկ։
ԱԿՏԻՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ՝ հիդրոլիզացված հիալուրոնաթթու, A, E, B8 վիտամիններ, բուսական էքստրակտներ։
Ցուցումներ՝
Չորություն, ջրազրկում, թեփոտում
Լայնացած և խցանված ծակոտիներ
Մաշկի անհավասար երանգ
Անհարթ ռելիեֆ
Դեմքի խամրած երանգ
Մանր և միջին խորության կնճիռներ
Հակացուցումներ՝
Ակնեի սրացման շրջան
Հերպետիկ ցանավորում
Վիրուսային, բակտերիալ կամ սնկային ախտահարումներ
Վերքային կամ այրվածքային մակերեսներ
Կատարման ընթացքը՝
Դեմակիաժ՝ միցելյար ջրով մակերեսային մաքրման համար։
Լվացում՝ փրփուրով, ավելի խորը մաքրման համար։
Պիլինգ-գոմաժ՝ տարածվում է դեմքին վրձնի միջոցով։ 2–3 րոպե անց կատարվում են մերսող շարժումներ մինչև մանր գնդիկների առաջացումը, որից հետո մերսումը շարունակվում է ևս 2–3 րոպե, ապա միջոցը լվացվում է ջրով։
Մաշկի նախապատրաստում՝ մաշկի մակերեսային շերտերի և ծակոտիների պարունակության փափկեցման համար կիրառվում է հատուկ գել։ Այն տարածվում է դեմքին, ծածկվում պոլիէթիլենային թաղանթով և թողնվում 10–15 րոպե։
Գելը հեռացվում է, և մաշկը մշակվում է ըստ մաշկի տեսակի ընտրված տոնիկով։
Ուլտրաձայնային մաքրում՝ մաշկը նախապես խոնավեցվում է, ապա մշակվում ուլտրաձայնային գլխիկով։ Փուլը տևում է մոտ 10 րոպե։
Վակուումային մաքրում՝ ընտրվում է մաշկի տեսակին համապատասխան ստերիլ գլխիկ։ Նուրբ մաշկի դեպքում կիրառվում են փոքր գլխիկներ, իսկ ավելի հաստ և յուղոտ մաշկի դեպքում՝ ավելի մեծ տրամաչափի կամ ադամանդափոշով գլխիկներ։
Նուրբ հատվածներում՝ աչքերի և բերանի շուրջ, ինչպես նաև քթի շրջանում, կարող են օգտագործվել տարբեր չափերի գլխիկներ։ Այս փուլում կիրառվում է մաշկի մակերեսային շերտերը փափկեցնող շիճուկ։
Շիճուկի հոսքն ու վակուումի ուժգնությունը կարգավորվում են՝ ըստ մաշկի արձագանքի։
Մաշկը մշակվում է համապատասխան շարժումներով՝ հատուկ ուշադրություն դարձնելով քթի, միջհոնքային հատվածի, ճակատի և քիթ-շրթունքային ծալքերի շրջաններին։
Ավելի փոքր գլխիկով կրկին մշակվում են անհրաժեշտ հատվածները՝ կիրառելով համապատասխան շիճուկ։
Վակուումային մաքրման միջին տևողությունը 10–15 րոպե է։
Ավելի հաստ և ոչ զգայուն մաշկի դեպքում կարող է իրականացվել չոր դերմաբրազիա, որը կիրառվում է ատրոֆիկ սպիների, հիպերպիգմենտացիայի, լայնացած ծակոտիների և մաշկի այլ անհարթությունների դեպքում։ Տևողությունը՝ մինչև 10 րոպե։
Հաջորդ փուլում, ըստ մաշկի կարիքների և ցանկալի արդյունքի, կարող է իրականացվել ուլտրաձայնային, ռադիոալիքային, միկրոհոսանքային կամ կրիոմերսում։ Ծայրակալները շարժվում են մերսման գծերի ուղղությամբ՝ դեմքի կենտրոնից դեպի եզրեր։
Անհրաժեշտության դեպքում, հետբորբոքային պիգմենտացիայի, հետակնե հետքերի և այլ անհարթությունների դեպքում կարող է կիրառվել դարսոնվալ։
Պրոցեդուրայի հաջորդ փուլերում, ըստ անհրաժեշտության, կարող են կիրառվել LED թերապիա և ոչ ներարկումային մեզոթերապիա։
Վերջում կիրառվում է մաշկի տեսակին համապատասխան դիմակ՝ 15–20 րոպե։
Պրոցեդուրան ավարտվում է խոնավեցնող քսուքի կիրառմամբ։
LED թերապիա
Ֆոտոթերապիայի կամ LED թերապիայի ընթացքում կիրառվում են տարբեր ալիքի երկարությամբ լույսեր՝ ըստ մաշկի կարիքների։
Կարմիր լույսը (633–830 նմ) ներթափանցում է ավելի խորը շերտեր և նպաստում է մաշկի վերականգնման գործընթացներին, կոլագենի ու էլաստինի սինթեզին և տեղային արյան շրջանառության բարելավմանը։
Կանաչ լույսը (515–520 նմ) կիրառվում է մաշկի երանգի հավասարեցման, պիգմենտային բծերի և կարմրության նվազեցման նպատակով։
Կապույտ լույսը (400–510 նմ) ունի հակաբակտերիալ ազդեցություն և կարող է կիրառվել թեթև ու միջին ծանրության ակնեի համալիր խնամքի շրջանակում։ Այն նաև նպաստում է բորբոքային երևույթների նվազեցմանը։
Ոչ ներարկումային մեզոթերապիա
Ոչ ներարկումային մեզոթերապիան իրականացվում է խոնավեցնող կամ գունաբացող շիճուկի կիրառմամբ։ Սարքի միջոցով շիճուկը հասցվում է մաշկին՝ առանց ներարկումների։
Կուրս և համակցում այլ պրոցեդուրաների հետ
Առավել ընդգծված արդյունքի համար պրոցեդուրան կարող է իրականացվել կուրսով՝ 4–10 պրոցեդուրա, կամ համակցվել այլ պրոցեդուրաների հետ՝
Մաշկափոխանակություն
Մեզոթերապիա
Պլազմոթերապիա
Բիոռևիտալիզացիա
Լազերային հղկում
RF microneedling

